Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային պատանեկան մրցույթն ավարտվել է 2026 թվականի նոյեմբերի 11-ին Պեկինի կատարողական արվեստների ազգային կենտրոնում կայացած գալա-համերգով։ Մեծանուն հայ կոմպոզիտորի ժառանգության հանրահռչակմանը միտված այս մասշտաբային երաժշտական իրադարձությունը համախմբել է աշխարհի տարբեր երկրների երիտասարդ կատարողների։
Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է եղել դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը գլխավորում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ նվագախմբի ուղեկցությամբ եզրափակիչ լսումներին մասնակցությունը երիտասարդ երաժիշտների համար դարձել է նրանց ստեղծագործական զարգացման կարևոր փուլ և միջազգային ասպարեզում իրենց վարպետությունը ցուցադրելու հնարավորություն։
Մրցույթի արդյունքները և աշխարհագրությունը
Ընտրական փուլերն անցկացվել են հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրոպայի, Ասիայի և Հայաստանի տարբեր տարածաշրջաններում։ Մրցույթն անցկացվել է հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Հիմնական գործիքային անվանակարգերում հաղթողներ են դարձել Չժաո Յույույը (ալտ), Նյու Չժենհաոն (թավջութակ), Գո Ֆենինը (ջութակ) և Ելենա Բատայեն (դաշնամուր)։
Մրցութային ծրագրից բացի, միջոցառման շրջանակում անցկացվել է Խաչատրյանի անվան միջազգային պատանեկան երաժշտական շաբաթը։ Այն ներառում էր վարպետության դասերի, կրթական նախաձեռնությունների և համերգների շարք, որոնք նպաստում են տարբեր երկրների մասնակիցների միջև մշակութային երկխոսության ամրապնդմանը։
Մրցույթի կազմակերպիչներն են Արամ Խաչատրյանի անվան մշակութային հիմնադրամը և JINGSE International Education Technology ընկերությունը։ Հիշեցնենք, որ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթների շարքը Չինաստանում անցկացվում է 2023 թվականից, իսկ առաջին պատանեկան մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։